31 օգոստոսի 2000 - 18:12 AMT
ԻՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՆՇԵԼ Է ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԵՐԸ
31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Թեհրանում գտնվող Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը եւ Իրանի փոխնախագահ Հասան Հաբիբին քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր:
ԻՐՆԱ-ի հաղորդագրության համաձայն, Հաբիբին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել կապերը բոլոր հարեւան պետությունների, այդ թվում` Հայաստանի հետ:
Հասան Հաբիբին հանդես է եկել հատուկ ծրագրի ստեղծման օգտին, որը կարագացնի հայ-իրանական երկկողմ համաձայնագրերի իրագործումը:
Իրանի փոխնախագահը հայտարարել է էներգետիկայի բնագավառում համագործակցության շարունակության անհրաժեշտության մասին: Հաբիբին առանձնացրել է հայ-իրանական համագործակցության հետեւյալ առաջնային նախագծերը` համատեղ աշխատանք Մեղրու ՋԷԿ-ի վրա, նավթավերամշակման գործարանի շինարարություն Մեղրում, Քաջարանի թունելի, ինչպես նաեւ Մեղրի-Երեւան-Վրաստան ավտոճանապարհի շինարարությունը: --0--