30 օգոստոսի 2000 - 21:29 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՊԱՀՊԱՆՎԻ ՈՉ ՎԻԶԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ԽՈՍՆԱԿԸ
30.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, Ռուսաստանի` Բիշքեկյան պայմանագրից դուրս գալուց հետո, Երեւանը եւ Մոսկվան խնդիրը կլուծեն ոչ վիզային կանոնակարգի մասին երկկողմ պայմանագրի կնքման միջոցով: Այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Արա Պապյանը` մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովի հայտարարությունը` ԱՊՀ անդամ պետությունների միջեւ ոչ վիզային փոխադրում նախատեսող Բիշքեկյան պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին:
Արա Պապյանը ՄԵԴԻԱՄԱՔՍԻՆ հաղորդել է նաեւ, որ Ռուսաստանի դուրս գալը Բիշքեկյան պայմանագրից կկատարվի համապատասխան նոտա ներկայացնելուց 90 օր անց:
Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը ռուսաստանյան իշխանությունների այսօրվա որոշումը պատճառաբանել է «Ռուսաստանի անվտանգությունը սպառնող միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության իրական սպառնալիքով»: --0--