17 հոկտեմբերի 2011 - 12:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում ելույթ է ունենալու հայտնի դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան

Հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է հանրահայտ դաշնակահարուհի և հասարակական գործիչ Ելենա Բաշկիրովայի համերգը: Բաշկիրովան ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան): Ելույթը տեղի է ունենալու «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում:

Ծրագրում ընդգրկված են Լ. Վ. Բեթհովենի Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 4-ը և Յո. Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը:

Ելենա Բաշկիրովան երաժիշտների ընտանիքից է: Նա սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում իր հոր` հայտնի դաշնակահար և ուսուցիչ Դմիտրի Բաշկիրովի ղեկավարությամբ:

Ելենա Բաշկիրովան պարբերաբար նվագել է այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են` Մյունխենի ֆիլհարմոնիկը, Բեռլինի Կոնցերտհաուս նվագախումբը, Գյուրցենիխի նվագախումբը, Բամբերգի սիմֆոնիկ նվագախումբը, NDR-ի (Համբուրգ) և այլն: Ելենա Բաշկիրովայի համար առանձնակի տեղ են զբաղեցնում համերգային շրջագայությունները Ասիայում` մասնավորապես, Չինաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Թայփեհի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նա աշխատել է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են` Սերջյու Չելիբիդակեն, Պիեռ Բուլեզը, Զուբին Մետան, Քրիստոֆ Էշենբախը և այլն: Բացի դասական և ռոմանտիկ ստեղծագործություններից, Ելենա Բաշկիրովան հանդես է եկել 20-րդ դարի երաժշտության կատարումներով: Նա մասնակցել է մի քանի համաշխարհային պրեմիերաների:

1998 թվականին Ելենա Բաշկիրովան հիմնադրել է և հանդիսանում է Երուսաղեմի միջազգային կամերային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարը, որը տեղի է ունենում ամեն տարի սեպտեմբերին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ:

ՖՈՏՈՇԱՐՔ