17 հոկտեմբերի 2011 - 20:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սարկոզին խոստանում է՝ Ֆրանսիան չի հանգստանա, մինչև Մեծ Եղեռնի նախաձեռնողների ժառանգները չճանաչեն այդ ոճիրը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 6-7-ին Երևանում իրեն մատուցված ընդունելության համար: Այդ մասին Սարկոզին գրել է Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

«Իմ պետական այցից, նախևառաջ, մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

Սարկոզին ընդգծել է նաև, թե երջանիկ է, որ այցն իրեն հնարավորություն ընձեռեց հայ ժողովրդին վկայելու Ֆրանսիայի անկեղծ երախտագիտությունն այն ամենի համար, ինչը մեր երկրում ապաստան գտած Ցեղասպանությունից մազապուրծ եղածները տվել են Ֆրանսիային` նպաստելով Ֆրանսիայի դիմագծի կերտմանը` մինչև իսկ միաձուլվելով նրան: «Նույն կերպ ես պահպանում եմ հուզիչ հիշողությունն այն խանդավառության, որը համակել էր Ֆրանսիայի հրապարակը և որը արտահայտությունն էր պատմության մեջ խորապես արմատավորված և նախորդ դարի փորձություններում կոփված մեր երկու երկրները միավորող այդքան սերտ բարեկամության»,- նշել է Սարկոզին:

Հայաստան կատարած իր այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ եթե Թուրքիան ճանաչի սեփական պատմության մութ էջերը, Ֆրանսիան ու Հայաստանը կհամարեն դա խաղաղության ու հաշտության դրսևորում: Նա նաև նշել է, որ 1915թ. մինչ 2011թ. Թուրքիան բավականաչափ ժամանակ ուներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվա վերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան նաև այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում` կընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը»,- ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ