18 հոկտեմբերի 2011 - 14:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վաչե Գաբրիելյան. Այսօր Հայաստանի արտաքին պարտքը գնահատվում է որպես «բավարար»

Այսօրվա դրությամբ Հայաստանի պետական պարտքը գնահատվում է որպես «բավարար», հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման ոլորտային տնօրեն Իվոն Ցիկատայի հետ համատեղ ճեպազրույցում։ Նրա խոսքով, երկրի պետական պարտքի դրությունը բնութագրող ու ԱՄՀ և ՀԲ աջակցությամբ պատրաստված փաստաթուղթը հրապարակվելու է մինչև տարեվերջ։ Բացի դրանից, ինչպես հաղորդել է նախարարը, փաստաթղթում ներկայացվել են սթրես-թեստեր, թե որ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ պետական պարտքի հետ։ «Սակայն, դա չի նշանակում, որ մենք կարող ենք կրկնապատկել այն կամ պետական պարտքը լավ վիճակում կլինի տնտեսական աճի բացակայության դեպքում»,- ասել է նա։

Իր հերթին, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման ոլորտային տնօրեն Իվոն Ցիկատան հավելել է, որ Հայաստանում առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվել է պետբյուջեի կատարողականի համեմատաբար լավ ցուցանիշ տարածաշրջանի երկրների համեմատ։ Միաժամանակ, ՀԲ ներկայացուցիչը զերծ է մնացել Հայաստանի վերաբերյալ մակրոտնտեսական կանխատեսումներից, նշելով, որ հաճախ լինում է հարավարևելյան Եվրոպայում, որտեղ իրավիճակն անկանխատեսելի է և դժվար է կանխագուշակել, թե ինչ կարող է տեղի ունենալ այս կամ այն քաղաքականության իրագործման շրջանակներում։ «Եվրոպական տարածաշրջանի հեռավոր արևելյան երկրների համար նման իրավիճակները քիչ հավանական են, և այստեղ մենք խորհուրդ ենք տալիս այնպիսի միջոցներ ձեռնարկել, ինչպես դա անում է Հայաստանը, որպեսզի պատրաստ լինեն նման իրավիճակների դեպքում»,- ասել է նա։

ՖՈՏՈՇԱՐՔ