Վերջին 4,5 տարում ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովում ոչ մի հակահայկական բանաձև չի ընդունվել, լրագրողներին է հաղորդել ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը:
Ընդ որում, նա նշել է, որ նման ռիսկեր եղել են, սակայն հայկական պատվիրակությունը Հայաստանի ԱԳՆ աջակցությամբ կարողացել է հակազդել այդ սպառնալիքներին:
Պատվիրակության անդամ, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Ստեփան Սաֆարյանն իր հերթին նշել է, որ հոկտեմբերի 7-10 կայացած ՆԱՏՕ ԽՎ նիստում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանաձևի նոր նախագիծ է մշակվել: Նա նշել է, որ այդ նախագիծը դրական իմաստով տարբերվում է նախորդ նախագծերից, քանի որ դրանում հաշվի է առնվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Հայաստանի մոտեցումը: Սաֆարյանը հավելել է, որ ադրբեջանական կողմի բազմաքանակ առաջարկությունների պատճառով բանաձևի նախագիծը չի քննարկվել և չի ընդունվել ՆԱՏՕ ԽՎ այս նիստում:
Կարեն Ավագյանը լրագրողներին հաղորդել է նաև, որ դա ներկայիս պատվիրակության վերջին այցն էր ՆԱՏՕ ԽՎ, քանի որ հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո: