19 հոկտեմբերի 2011 - 14:42 AMT
Երևանի Մամուլի շենքը կվերանորոգվի, խոստացել է Արման Սահակյանը

Անհատույց օգտագործման իրավունքով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման շրջանակներում Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի շենքը վերանորոգվելու է այնտեղ աշխատող կազմակերպություններից գանձված գումարներով։ Այդ մասին հոկտեմբերի 19-ին կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է Հայաստանի պետական գույքի կառավարման վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանը։

Սահակյանի խոսքով, նա անձամբ եղել է շենքում և հանդիպել այնտեղ աշխատող մարդկանց հետ, ծանոթացել նրանց խնդիրներին։ «Ինչ վերաբերվում է գլոբալ խնդիրներին, օրինակ, վերելակին, ապա դրանք լուծվելու են համավճարման հիման վրա. վարչապետի որոշմամբ, անհրաժեշտ գումարի մի մասը հատկացնելու է կառավարությունը, իսկ մնացած մասը հավաքվելու է շենքում աշխատող կազմակերպություններից»,- ասել է նա։

Դրա հետ կապված Սահակյանը հավելել է, որ անհատույց օգտագործման իրավունքով պետական գույքի կառավարման ոլորտում նման խնդիրները շատ են։ «Անբարեխիղճ օգտվողները ժամանակին վերցրել են հսկայական տարածքներ, և տվյալ պահին դրանք դարձրել են բիզնեսի առարկա՝ այդ տարածքները վարձով տալով այլ կազմակերպությունների»,- ասել է նա։