20 հոկտեմբերի 2011 - 18:48 AMT
Իրաքում Հայաստանի դեսպանատանը ընդունելություն է կայացել՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 19-ին Իրաքում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցեցին Իրաքի նախագահի ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի ղեկավար Նասիր Նայիֆ Ալ Անին, փոխվարչապետներ Սալեհ Մուտլաղը և Ռոզ Նուրի Շաուեսը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուբեյդ Աբաուին, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Իրաքում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, գործարար աշխարհի և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, ով իր ելույթում ներկայացրեց Հայաստանի պետականաշինության 20-ամյա ուղին` անդրադառնալով երկրի ձեռքբերումներին ու նվաճումներին, տնտեսական և քաղաքական հաջողություններին: ՀՀ դեսպանը նշեց, որ անցած 20 տարիների ընթացքում Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ և հուսալի գործընկեր: Դեսպան Մուրադյանը կարևորեց Իրաքի հայ համայնքի դերը Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը էլ ավելի ամրապնդելու և խորացնելու գործում:

Միջոցառումը ուղեկցվել է Հայաստանի վերաբերյալ տեսանյութերի ցուցադրությամբ: