21 հոկտեմբերի 2011 - 11:54 AMT
2012 աշնանը Հայաստանում տեղի կունենա միջազգային գագաթաժողով զբոսաշրջության ոլորտում

ՄԱԿ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գլխավոր վեհաժողովի (UNWTO) Կորեայում կայացած 19-րդ նստաշրջանում հստակեցվել են 2012թ. աշնանը զբոսաշրջության ոլորտում Հայաստանում անցկացվելիք միջազգային նախարարական գագաթաժողի մանրամասները: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Ըստ նրա, Հայաստանը հանդես կգա որպես կազմակերպիչ, իսկ գագաթաժողովի արդյունքում կընդունվի երևանյան հռչակագիրը, ինչի շնորհիվ երկիրը կմտնի զբոսաշրջային ինդուստրիայի համաշխարհային պատմության մեջ:

Ինչպես նշել է փոխնախարարը, կազմակերպչական աշխատանքներն արդեն սկսվել են: «Մենք գտնում ենք, որ Հայաստանը ենթակառուցվածքների մակարդակով արդեն պատրաստ է անցկացնելու նման մակարդակի միջազգային միջոցառումներ, դրան է նպաստում նաև «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը: Ուստի, մենք պետք է խթանենք նման միջոցառումները, ինչը թույլ կտա ներկայացնել Հայաստանը համաշխարհային շուկայում և բարձրացնել երկրի վարկանիշը»,-ասել է նա:

Հոկտեմբերի 8-14 Կորեայում տեղի ունեցավ ՄԱԿ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) գլխավոր վեհաժողովի նստաշրջանը՝ 154 երկրների և 400 թղթակից անդամների մասնակցությամբ: Նստաշրջանի շրջանակներում կազմակերպվեց տուրիստական պաստառների Vettor Giusti ցուցահանդես-քվեարկությունը, որտեղ Հայաստանը լավագույնը ճանաչվեց People's Choice Award անվանակարգում:

UNWTO գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին գլխավոր մրցանակը հանձնեց ՀՀ էկոնոմիակյի փոխնախարար Արա Պետրոսյանին: Նա նշեց, որ Հայաստանի զբոսաշրջային պաստառը մինչև հաջորդ նստաշրջանը տեղակայված կլինի UNWTO պաշտոնական կայքում: