ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին սուր փսիխոզ ախտորոշմամբ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռաֆայելի Առաքելյանը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, հաղորդում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:
Ինչպես նշել էինք ավելի վաղ, ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետևանքով այժմ Երևանի կայազորի հոսպիտալում «սուր փսիխոզ» ախտորոշմամբ պառկած է 19-ամյա մի զինծառայող: Այս գործով, ինչպես փոխանցում էր «Ժամանակը» հոկտեմբերի 13-ին, դեռ որևէ մեկը չի ձերբակալվել: Նախնական տեղեկություններով, զորամասում ծառայակիցները ստորացրել են զինվորի արժանապատվությունը, բռնության ու ծաղրուծանակի են ենթարկել երիտասարդին, նույնիսկ ծխախոտ են հանգցրել մարմնին: