21 հոկտեմբերի 2011 - 15:03 AMT
Տարոն Մարգարյան. Երևանը բաց է և պատրաստ ներդրումային առաջարկների քննարկմանը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 17-ից 20-ը գտնվում էր Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Քաղաքապետարանից հայտնում են, որ որպես Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում քաղաքական մեծամասնության խմբի բյուրոյի, ինչպես նաև Ինստիտուցիոնալ հանձնաժողովի և Տեղական իշխանությունների պալատի անդամ, Տարոն Մարգարյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է ԵԽ Կոնգրեսի Լիագումար նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին:

Աշխատանքային այցի շրջանակում Տարոն Մարգարյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանի գործընկեր և քույր քաղաքների քաղաքապետերի ու ԵԽ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների անդամների հետ: Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման, այդ համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտության, ինչպես նաև փոխշահավետ գործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանն այսօր բաց է և պատրաստ քննարկելու փոխշահավետ ներդրումային ցանկացած առաջարկ: Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ` առաջիկայում առավել գործնական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ: