21 հոկտեմբերի 2011 - 17:21 AMT
Երիտասարդ գիտնականներին պարգևատրել են գիտական նորարարական աշխատանքների համար

Այսօր ՀՀ ԳԱԱ-ում «Կրթության, գիտության և առողջապահության զարգացում» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Հրանտ Պողոսյանը երիտասարդ գիտնականներին հանձնեց «Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցանակները, տեղեկացնում են ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։

«Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների նորարարական, գիտական այն աշխատանքները, որոնք առևտրայնացման հնարավորություն ունեն: Մրցույթին ներկայացվել է ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտների 28 աշխատանք:

Մրցութային հանձնաժողովը մրցանակ է շնորհել միայն երրորդ մրցանակի համար 4 աշխատանքների հեղինակների՝ ԵՊՀ Դեղագործական քիմիայի ամբիոնից Արմինե Գեոլչանյանին, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Արսեն Առաքելյանին և Արեն Խոյեցյանին, ՀՊՃՀ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնից Աննա Պետրոսյանին, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտից Գևորգ Վարդանյանին և Արթուր Հովսեփյանին։ Մրցանակային ֆոնդը կազմել է 6 միլիոն դրամ: