21 հոկտեմբերի 2011 - 18:24 AMT
Շուտով վերստեղծվելու է ժամանակին գործած Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը

Հոկտեմբերի 20-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպում է ունեցել Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ռոզի դե Ֆրեյտասի հետ, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության մի շարք հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Պալատը մոտակա շրջանում կվերստեղծի 2002-2006 թվականներին գործած Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը, ինչը ավելի կնպաստի հայ-բրազիլական բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Հանդիպմանը մասնակցել է դաշնային պատգամավոր, նախկինում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային խորհրդարանի անդամ, բրազիլական կինոյի աստղ Ստեփան Ներսիսյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային խնդիրների, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: