22 հոկտեմբերի 2011 - 10:15 AMT
Ռուսաստանի ԱԳՆ. Ոչ ոք երբեք չի հրավիրի Սահակաշվիլիին Մոսկվա

Ռուսաստանը երբեք չի հրավիրի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Մոսկվա, հոկտեմբերի 21-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Նրան ոչ ոք երբեք չի հրավիրի: Այդ մարդը հասկանալի պատճառներով դուրս է բերված մեր գործընկերների ցանկից: Մի մարդ, որ հրամայել է սպանել մեր խաղաղապահներին, ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնց համարում էր իր երկրի քաղաքացիները: Ես նկատի ունեմ Հարավային Օսեթիայի բնակիչներին»,-հայտարարել է Լավրովը «Գոլոս Ռոսիի», «Ռադիո Ռոսիի» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանների ուղիղ եթերում՝ ռադիոլսողի հետ ինտերակտիվ շփման ժամանակ:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի ու Թբիլիսիի միջև խզվեցին Թբիլիսիի նախաձեռնությամբ, երբ ռուսական բանակը 2008թ. օգոստոսին Վրաստանին խաղաղության պարտադրման գործողություն կատարեց, իսկ օգոստոսի 26-ին ճանաչեց երկու նախկին վրացական ինքնավարությունների՝ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: