Հոկտեմբերի 21-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` իրենց ներդրած ջանքերի համար` ի խնդիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման: Այնուհետև Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայոց եկեղեցու ներգրավվածությունը և ներդրումը տարածաշրջանում խաղաղության և համերաշխության մթնոլորտի ձևավորման գործընթացում: Նորին Սրբությունը տեղեկացրեց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ պարբերաբար տեղի ունեցող` տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ և քառակողմ հանդիպումների մասին, որոնց արդյունքում Ռուս Եկեղեցու պատրիարքը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Վրաց Եկեղեցու հովվապետը և Ադրբեջանի հոգևոր առաջնորդը խաղաղության և համերաշխության համատեղ կոչեր են հղում տարածաշրջանի ժողովուրդներին: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտնեց նաև, որ նոյեմբերի վերջին Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով ևս տեղի կունենա նման հանդիպում:
«Մենք լավատես ենք, որովհետև խաղաղությունը, հաշտությունը և համերաշխությունն այլընտրանք չունեն», - նշել է Գարեգին Երկրորդը՝ մաղթելով, որ խաղաղությունն ամենուր ուղեկից լինի մարդկային կյանքին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը և հյուրերը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: