22 հոկտեմբերի 2011 - 12:51 AMT
ՀԱԷԿ-ի տնօրենը գերադասել է աշխատանքից ազատել 160 աշխատակցի, բայց չբարձրացնել նրանց աշխատավարձը

ՀԱԷԿ գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը ստորագրել է կայանի աշխատակիցների աշխատանքից ազատվելու մասին դիմումները: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել ՀԱԷԿ-ի աշխատակիցներից:

Հայկական ատոմակայանի ինժեներատեխնիկական կազմի 160 աշխատակիցներ սեպտեմբերի 20-ին աշխատանքից ազատվելու մասին դիմումներ էին ներկայացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը: Աշխատակիցների զանգվածային հեռացումը կարող է վտանգել ՀԱԷԿ վերագործարկումը պլանային վերանորոգումից հետո, որը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին և տևելու է մինչև հոկտեմբերի 27-ը:

Գործակալության թղթակցի հետ զրույցում կայանի աշխատակիցը փոխանցել է տնօրենի խոսքերը. «Ավելի շուտ ես կկանգնեցնեմ կայանը ու նոր աշխատակիցների կընդունեմ աշխատանքի, բայց աշխատավարձը չեմ բարձրացնի»: