22 հոկտեմբերի 2011 - 13:12 AMT
Մշակույթի նախարարությունը վատ է աշխատում, գտնում է Ռոբերտ Ամիրխանյանը

Այսօրվանից իր աշխատանքն է սկսում Մշակույթի աջակցման նորաստեղծ խորհուրդը, որը գլխավորում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, իսկ քարտուղարը` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Էրիկ Բարսեղյանն է: Նորաստեղծ խորհուրդին աջակցելու է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը:

Ամիրխանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ խորհուրդն աջակցելու է հոգածության կարիք ունեցող արվեստագետներին, մասնավորապես երիտասարդներին: Նա նաև շեշտեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը վատ է աշխատում, լրջագույն ծրագրեր չեն ֆինանսավորվում և խորհուրդը լրացնելու է այդ բացը:

Չեն անտեսվելու նաև մարզերի արվեստագետները: Բարսեղյանն էլ իր հերթին շեշտեց, որ խորհրդի կազմում են լինելու են իրենց ոլորտում ավանդ ունեցող արվեստագետներ, իսկ Գագիկ Ծառուկյանը չի միջամտելու խորհրդի ծրագրերին: Այն բաղկացած է 11 հոգուց: Այդ թվում խորհրդին անդամակցում են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալ. Գրիգորյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, երաժշտագետ Մհեր Նավոյանը, «Թատրոն-ԻՔՍ» թատերական փառատոնի հիմնադիր Արա Խզմալյանը և այլ արվեստագետներ:

Հիմնադրամը նախնական տրամադրել է 100 մլն դրամ, սակայն այլ հիմնադրամներ նույնպես կարող են ցուցաբերել ֆինանսական աջակցություն: