22 հոկտեմբերի 2011 - 14:58 AMT
Կասեցվել է Երևանում ապօրինի գործող խաղատան գործունեությունը

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 21-ին կասեցվել է Երևանի Սոսեի փ. 13 հասցեում գտնվող «Երևանի ժամացույցների գործարան» ԲԲԸ-ի վարչական շենքի վարձակալած տարածքում գործող, ապօրինի խաղատան «Պոկեր ակումբ»-ի գործունեությունը: ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, որ ԱԱԾ վարչական շենք բերման են ենթարկվել «Պոկեր ակումբի» կազմակերպիչ Հովհաննես Կարապետի Ալեքսանյանը, ծնվ. 1968թ., ակումբի 3 դիլերներ, 1 մատուցող, և 9 այցելուներ (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ):

Պարզվել է, որ Հ. Ալեքսանյանի «Պոկեր ակումբը» գործել է ի խախտումն «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի պահանջների (խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս):

ՀՀ քրեական օրենսգրքի 188 (ապօրինի ձեռնարկատիրություն) և 205 (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր` ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն փոխանցելու համար: