22 հոկտեմբերի 2011 - 18:00 AMT
Փաշինյանը ՀԱԿ-ի քննադատներին կոչ է արել, որ իրենք միջոցառումներ կազմակերպեն` խոստանալով աջակցել նրանց

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներից մեկը` «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Կոնգրեսի միջոցառումների ընդդիմադիր քննադատներին կոչ է արել, որպեսզի իրենք կազմակերպեն` խոստանալով աջակցել այդ ակցիաներին: «Եթե այս միջոցառումները վատն են` դուք կազմակերպեք: Ես ինքս բոլորի առաջ խոստանում եմ, որ կգամ և կմիանամ այդ միջոցառմանը, որովհետև լինելու եմ այն քաղաքացիների կողքին, որոնք պայքարում են»,- հայտնել է նա Ազատության հրապարակում Քաղաքացիական ֆորումի շրջանակում քաղաքական քննարկման ժամանակ:

Փաշինյանն ընդգծել է, որ կաջակցի ցանկացած միջոցառումների, որոնք կոնկրետ քաղաքական նպատակներ են հետապնդում: Այս կապակցությամբ նա հավելել է, որ ՀԱԿ-ի նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ երկրում առկա խնդիրների լուծումը: