22 հոկտեմբերի 2011 - 18:19 AMT
Ջավախքում բացվեց Ախալքալաքի «Բալլիս» գարեջրի գործարան

Այսօր Ջավախքում տեղի ունեցավ Ախալքալաքի գարեջրի գործարանի («Բալլիս») բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Սամվել Բալասանյանի մամլո ծառայությունը, միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի հանրապետության խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, խորհրդարանի փոխնախագահ Միխեիլ Մաչավարիանին, Հայաստանի Աժ փոխնախագահ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Հայկ Սանոսյանը և ուրիշներ: Դիմելով ներկաներին` Սամվել Բալասանյանը կարևորեց Ջավախքում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը և հայտնեց այդ ուղղությամբ ապագայում նախանշված այլ պլանների մասին ևս: Խոսելով սկզբնական շրջանում շուրջ 100 աշխատատեղեր ապահովող գործարանի մասին` Սամվել Բալասանյանը խոստացավ իր հնարավորությունների չափով օժանդակել նորաբաց «Բալլիս» գարեջրի գործարանի արտադրաքի սպառմանը, մասնավորապես ցուցաբերել խորհրդատվական և այլ բնույթի աջակցություն գործարանի աշխատակազմին:

Բացման արարողության ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ Սամվել Բալասանյանը պարգևատրվեց Վրաստանի Պատվո շքանշանով, ինչը Սամվել Բալասանյանին հանձնվեց խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի կողմից: