Մոկսվայում պետական այցով գտնվող Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առկա ավերածությունների, զոհերի և փլատակների տակ մնացած մարդկանց մասին: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ և հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն և անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների», հայտնում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: