Նոր ստորգետնյա ցնցումները, որոնցից ամենահզորը Ռիխտերի սանդղակով 6.1 բալ ուժգնություն է ունեցել, գրանցվել են Թուրքիայի արևելքում` Վան քաղաքից 20 կմ հեռավորության վրա, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղական հեռուստաալիքներին:
Դրա հետ մեկտեղ զոհվածների թիվը գերազանցել է 217-ը, 366 մարդ շարունակում է փլվածքների տակ մնալ, հաղորդում է CNN Turk-ը:
7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել, սակայն տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան:
Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում, սակայն Իսրայելի օգնությունից Անկարան հրաժարվել է: Տվյալներ այն մասին, թե արդյոք թուրքական իշխանություններն ընդունել են օգնությունը մյուս երկրներից, առայժմ չկա:
Հիմնականում քրդերով բնակեցված Վան գավառում ամենահզոր երկրաշարժերից մեկը գրանցվել է 1976 թվականին: Այդ ժամանակ զոհվեց 3840 մարդ: Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն երկրաշարժը տեղի է ունեցել 1999-ին երկրի խիտ բնակեցված հյուսիս-արևմտյան շրջանում: Այդ աղետին զոհ գնաց 20 հազար մարդ: