28 ապրիլի 2003 - 19:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱԶՏԸ-ԻՆ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԿԱԿՏԻՎԱՑՆԻ ՆՐԱ ԿԱՊԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական Տնտեսական Ընկերակցությանը (ԵվրԱզՏԸ) մշտական դիտորդի կարգավիճակում կնպաստի առեւտրա-տնտեսական կապերի զարգացմանը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ` Ընկերակցության մյուս անդամների հետ: Այդ մասին երեկ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Դուշանբեյում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում են ռուսկան ԶԼՄ-ները, հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության գործնական հարցերի քննարկմանը, այդ թվում նաեւ ատոմային էներգետիկայի ոլորտում: Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել տարեսկզբին Ռ.Քոչարյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Նշենք, որ ԵվրԱզՏԸ-ում դիտորդի կարգավիճակ է տրամադրվել Հայաստանին ապրիլի 27-ին այդ կազմակերպության Միջպետական խորհրդի Դուշանբեյում կայացած նիստի ընթացքում: