24 հոկտեմբերի 2011 - 18:26 AMT
Գարի Քյոսայանի ջազ-քառյակը կրելու է մանկավարժական համալսարանի անունը

Հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի ջազ-քառյակը այսուհետ կկոչվի «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակ»:

Քառյակի համերգով սկիզբ դրվեց նոր պայմանագրային համագործակցության` ամիսը երկու անգամ մանկավարժական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենան ունկնդրելու ՀՊՄՀ-ի Գարի Քյոսայանի ջազ-քառյակի համերգները:

«Ստանալով համագործակցության առաջարկ` համաձայնեցի, քանի որ այս համալսարանում տեսնում են պոտենցիալ և շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Կարծում եմ, կստանանք ցանկալի արդյունք. ուսանողներից ոմանք նաև կընդգրկվեն մեր խմբում», ասում է Գարի Քյոսայանը:

Խոսելով դասական երաժշտության և հատկապես ջազի մասին Քյոսայանն ընդգծել է. «Հայաստանում չի պրորպագանդվում բարձրաճաշակ երաժշտությունը: Դրա փոխարեն հեռուստաեթերից հնչում է անմակարդակ, ռաբիս և անորակ երաժշտություն: Դա հայ ժողովրդի հանդեպ թշնամություն է, մեր երիտասարդությունը պահանջ ունի լավ երաժշտության»:

Կարևորելով բուհի մանկավարժական կադրեր պատրաստելու առաքելությունը` Գարի Քյոսայանն ավելացրել է. «Ապագա մանկավարժները շատ կարևոր գործ են անում, ես կցանկանայի, որ նրանք նախևառաջ լինեին շատ գրագետ և հետագայում յուրաքանչյուր երեխայի դաստիարակեն ինչպես սեփականին»:

Այս անգամ համերգի հյուրերն էին փորձի փոխանակման և համագործակցության շրջանակներում արդեն մեկ շաբաթ մանկավարժական համալսարանում գտնվող Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11 փորձագետներ: