25 հոկտեմբերի 2011 - 14:27 AMT
Կ. Բեքարյան. Թուրքիան օգտագործում է երկրաշարժը շեղելու համար աշխարհի ուշադրությունը քրդերի դեմ գործողությունից

Քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունը, հասկանալի պատճառներով, ուղղված է Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, թուրքական իշխանություններն ակտիվացնում են պայքարը Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, առավել լայնածավալ գործողություն ծավալելով Իրաքի տարածքում: Նման կարծիք է հայտնել փորձագետ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը:

Ըստ Բեքարյանի, քուրդ գրոհայինների դեմ պայքարը հիշեցնում է Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը հայերի նկատմամբ: «Նախորդ դարասկզբին միջազգային խնդիրների ֆոնի վրա թուրքական իշխանությունները կարողացան հաջողությամբ էթնիկ զտումներ անցկացնել »,-ասել է Բեքարյանը՝ հավելելով, որ նույն սկզբունքը թուրքական կառավարությունը կիրառում է այսօր քրդերի հարցում:

Հոկտեմբերի 23-ին ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է 500-1000 մարդ: Առավոտյան, ըստ APA գործակալության, թուրքական տանկերը անցան Իրաքի հետ սահմանը, հակաահաբեկչական գործողություն կատարելու համար: Ըստ աղբյուրի, ծանր զրահատեխնիկան հատել է սահմանը «Հաբուր» անցակետի մոտ:

Հոկտեմբերի 20-ին թուրքական բանակը խոշորածավալ գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքի միաժամանակ հինգ շրջաններում: Գործողությանը մասնակցում է 22 գումարտակ, հայտնել է երկրի ԶՈւ Գլխավոր շտաբը:--ԿԱ—