25 հոկտեմբերի 2011 - 15:24 AMT
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում վերաբացվել է Հայփոստի հերթական բաժանմունքներից մեկը

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է: Հոկտեմբերի 25-ին Կուրղինյան 7 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա համայնք) տեղի ունեցավ թիվ 0068 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Արարողությանը ներկա էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի տեղակալ Աշոտ Սմբատյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ:

Պարոն Սմբատյանն իր խոսքում առանձնացրեց բարեկարգ միջավայրի կարևորությունը և շնորհակալություն հայտնեց «Հայփոստ»-ի տնօրինությանը նման նախաձեռնության համար, թաղապետարանի կողմից խոստանալով գարնանը բարեկարգել դիմացի պուրակը:

«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանն իր ելույթում նշեց, որ այսօր ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր»:

Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: