26 հոկտեմբերի 2011 - 12:49 AMT
Քադդաֆիի հարազատները որոշել են հայց ներկայացնել Հաագայի Միջազգային քրեական դատարան

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի հարազատները որոշել են հայց ներկայացնել Հաագայի Միջազգային քրեական դատարան ռազմական հանցագործության փաստով, որպիսին նրանց կարծիքով նախկին առաջնորդի սպանությունն է, հաղորդում է Europe1 ֆրանսիական ռադիոկայանը` մեջբերելով Քադդաֆի ընտանիքի փաստաբանին:

«Հարազատները հայց կներկայացնեն ռազմական հանցագործության փաստով, քանի որ նրանց հայտնի են Քադաֆիի մահվան հանգամանքները։ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կրակ են բացել ավտոշարասյան վրա, որում գտնվել է Քադդաֆին։ Այդ շարասյունը ոչ մի սպառնալիք չի ներկայացրել քաղաքացիական բնակչությանը։ Դա Լիբիայի առաջնորդի վերացման գործողություն էր՝ պլանավորված ՆԱՏՕ կողմից»,- հայտարարել է Քադդաֆիների ընտանիքի փաստաբան Մարսել Սեսալդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Իրավաբանը վրդովմունք է հայտնել Մուամար Քադդաֆիի դիակը ծաղրի ենթարկելու հետ կապված։

Մուամար Քադդաֆին սպանվել է հոկտեմբերի 20-ին իր հարազատ Սիրտ քաղաքի մոտ։ Քադդաֆիի հետ միասին սպանվել են նրա որդի Մութասեմը և Լիբիայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը։