27 հոկտեմբերի 2011 - 14:03 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանի ընտրությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար

Ադրբեջանի ընտրությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, անկախ Բաքվի բազմաթիվ հայտարարություններից ղարաբաղյան հարցը խորհրդի օրակարգում ընդգրկելու մասին: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել փորձագետ, տարածաշրջանային հարցերի հետազոտական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Կատարվածի միակ եզրակցությունը հայկական կողմի համար կարող է լինել դիվանագիտական գործունեության ակտիվացումը միջազգային ատյաններում»,-նշել է նա:

Հիմնական պատճառը, թե ինչու Ադրբեջանը չի կարող հաջողության հասնել ՄԱԿ ԱԽ միջոցով ղարաբաղյան հարցը լուծելու գործում, ՄԽ հստակ դիրքորոշումն է, որը չի ընդունում ՄԱԿ-ի միջամտությունն այդ հարցում»,-ասել է Կիրակոսյանը:

Բացի այդ, Ադրբեջանի ընտրությունը որպես ոչ մշտական անդամ պայմանավորված է Խորհրդի ձգտմամբ որքան հնարավոր է լայն աշխարհագրություն ապահովել՝ ներառելով մեծ թվով տարածաշրջաններ:

Ընդհանուր առմամբ, Կիրակոսյանը նշել է, որ հայկական կողմի դիրքերը բավականին ուժեղ են բանակցային գործընթացում, հատկապես Ադրբեջանի կողմից Կազանի հանդիպման ձախողումից հետո՝ հավելելով, որ «ՄԱԿ-ում ՀՀ ներկայիս դեսպանը նույնպես բավականաչափ իրազեկ անձ է՝ Հայաստանի շահերը կազմակերպությունում առաջ մղելու համար»:

Երկուշաբթի ՄԱԿ ԳՎ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ադրբեջանը ստացավ 155 ձայն: Մինչ այդ նրա հետ մրցակցող Սլովենիան հանեց իր թեկնածությունը, այդպիսով քվեաթերթիկներում մնաց միայն Ադրբեջանը:

ՖՈՏՈՇԱՐՔ