27 հոկտեմբերի 2011 - 17:59 AMT
Հայաստանը մարդասիրական օգնություն կտրամադրի Թուրքիային

Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր երեկոյան ԱԻՆ ներկայացուցիչները Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Իզմիր քաղաք կտեղափոխեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ. վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։ Թռիչքի ժամի և վայրի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: Արդեն իսկ հաջորդել է 500-ից ավել հետցնցում։

Հոկտեմբերի 24-ին Մոկսվայում պետական այցով գտնվող Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը շտապ ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին` առաջարկելով Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանման օգնությունը։