27 հոկտեմբերի 2011 - 21:13 AMT
Լիտվայի հարկային ծառայությունն ու ՀՀ Պետեկամուտների կոմիտեն համագործակցության մասին համաձայնագիր են կնքել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը և Լիտվայի հարկային պետական ծառայության պետը քննարկել են հայ-լիտվական տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Լիտվայի հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասը նախագահին ներկայացրել են երկու գերատեսչությունների միջև հարկային ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ տեխնիկական գործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են այսօր ստորագրված «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ԼՀ ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» համաձայնագրով:

Կարևորվել է նաև հարկային ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակումը: