16 օգոստոսի 2000 - 20:54 AMT
ՎԵՀԱՊԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ, ԻՍԿ ԱՅՆՈՒՀԵՏԵՎ` ԱՄՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱ
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Օգոստոսի 17-ին, առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կմեկնի Մոսկվա:
Օգոստոսի 18-ին` Մոսկվայում Սբ. Ամենափրկիչ եկեղեցու օծման նախօրեին, Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ հայկական խաչքար է զետեղվելու նորակառուց եկեղեցու առջեւ` ի նշան երկու եկեղեցիների եղբայրական բարեկամության: Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը իր մասնակցությունն է բերելու նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքը:
Մոսկվայից Նորին Սրբությունը կմեկնի ԱՄՆ` մասնակցելու Նյու Յորքում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված աշխարհի բոլոր կրոնների հոգեւոր առաջնորդների գագաթաժողովին` նվիրված նոր հազարամյակում խաղաղության հաստատման ուղիների քննարկմանը: Ամենայն Հայոց կաթողիկոսը գագաթաժողովին մասնակից շուրջ 1000 կրոնապետերի առջեւ հանդես կգա «Դեպի ներողամտություն եւ հաշտություն» թեմայով բանախոսությամբ:
Սեպտեմբերի 1-ին, գագաթաժողովի ավարտից հետո Վեհափառ Հայրապետը մեկնելու է Գերմանիա` մասնակցելու Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով Հալե Վիտենբերգում կազմակերպված «Կիլիկիո փրկված գանձերը» ցուցահանդեսի բացմանն ու սեպտեմբերի 3-10-ը կայանալիք «Հայաստան- 2000» միջազգային գիտաժողովին: --0--