28 հոկտեմբերի 2011 - 19:35 AMT
ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանին կոչ է անում հետևել Կարեն Կարապետյանի օրինակին

Ելույթ ունենալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ` Կոնգրեսի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հրաժարականը: «Որքան այդ հանցավոր վարչակարգի ներկայացուցիչները շուտ և արագ հրաժարական տան ու հեռանան, այնքան լավ և' երկրի, և' նրանց համար»,- նշել է նա` ընդգծելով, որ դա առաջին հերթին վերաբերում է Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին:

ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանն իր հերթին նախագահին կոչ է արել հետևել Կարեն Կարապետյանի օրինակին` հավելելով, որ նման հրաժարականները տղամարդկության վկայություն են:

Այսօր` հոկտեմբերի 28-ին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է իր հրաժարականի մասին` այն բացատրելով այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով։