28 հոկտեմբերի 2011 - 19:53 AMT
Թուրքիային մարդասիրական օգնություն տանող հայկական ինքնաթիռը բարեհաջող հասել է Էրզրում

Այսօր` ժամը 14:00-ին, Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք է ուղևորվել ՀՀ կառավարության աջակցությունը` 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Էրզրում քաղաքում ։

Ներկայումս ընթանում են բեռնաթափման աշխատանքները, և այդ աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո օդանավը կվերադառնա Երևան։

Հոկտեմբերի 23-ին` ժամը 15.41-ին, գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում` Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: Արդեն իսկ հաջորդել է 500-ից ավել հետցնցում։

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շտապ ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին` առաջարկելով Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանման օգնությունը։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։