1 նոյեմբերի 2011 - 09:19 AMT
Երկարաձգվել է Հաքաթոն Երևան 2011-ին մասնակցության դիմելու վերջնաժամկետը

«Հաքաթոն Երևան 2011»-ի կազմակերպիչները տեղեկացրել են PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ մրցույթին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը։ Հայտերը պետք է ներկայացնել info@pjc.am հասցեին։ Նրանք, ովքեր արդեն դիմել էին և պատասխան հաստատում չեն ստացել, պետք է կրկին ուղարկեն հայտը։

«Հաքաթոն Երևան 2011-ը» կայանալու է դեկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանում։

Հաքաթոները Սիլիկոնե հովտում ծնունդ առած` ծրագրավորման և նախագծերի լայնածավալ միջոցառում են`ուղղված համատեղ ուժերով և նոր տեխնոլոգիաների միջոցով առաջադրված խնդիրների լուծմանը: Դրանց ընթացքում հավաքվում են ծրագրավորողներ, նախագծողներ և մի քանի ժամում ստեղծում, նախագծում և կյանքի են կոչում մի շարք ծրագրեր, նորարար լուծումներ։ Հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։

Երևանի քաղաքապետարանը նախընտրում է հաքաթոնի արդյունքում տեսնել մոբայլ լուծումներ, ծրագրեր և այլ նախագծեր տրասնպորտային համակարգի, աղբահանության, զբոսաշրջության, նշանների տեղադրման, քաղաք-քաղաքացի կապի բարելավման, լրագրողական համայնքի համար քաղաքային խնդիրների գրագետ լուսաբանման համար ռեսուրսների մշակում և այլ թեմաներով։

Դեկտեմբերի 18-ին թիմերը մեկ րոպեանոց ներկայացումների տեսքով կներկայացնեն հանրությանն ու ժյուրիին իրենց պատրաստած ծրագրերը և նորարար լուծումները:

Միջոցառման աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը, Մայքրոսոֆթի, «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերություններ, լրագրողական կազմակերպություններ: Ինֆորմացիոն հովանավորն է PanARMENIAN.Net ը: