1 նոյեմբերի 2011 - 14:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՏԻՄ ծառայությունների որակի բարձրացման համար համայնքները կխոշորացվեն

Բոլոր քայլերը, որոնք արվել են և արվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում, ուղղված էին բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «Այդ առումով մենք որոշ խնդիրներ ունենք, կապված ռեսուրսների ապահովման և ինստիտուցիոնալ ասպեկտների հետ»,-նշել է նա:

Նոյեմբերի 1-ին Երևանում ընթանում է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. Նվաճումները, խնդիրները, հեռանկարները» խորագրով խորահրդաժողովը, որը նվիրված է երկրում այդ համակարգի կայացման 15-ամյակին:

Ըստ նրա, ՏԻՄ ռեսուրսներն անմիջական կապ ունեն բնակչությանը տրամադրվող ծառայությունների հետ: Վաչե Տերտերյանը հավելել է, որ ՏԻՄ ռեսուրսները սահմանափակ են, դրանց մեծ մասը գնում է վարչական ծախսերի հատուցմանը, որոնք անհրաժեշտ են տեղական իշխանությունների գործունեությունն ապահովելու համար: Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, ուղղված համայնքների խոշորացմանն ու նոր ինստիտուցիոնալ մոտեցումների ներդրմանը, որպեսզի ռեսուրսների մեծ մասն ուղղվի ոչ թե վարչական ծախսերը հոգալուն, այլ բնակչությանը որակյալ ծառայությունների տրամադրմանը և կապիտալ ծախսերի ավելացմանը, որոնք 2011թ. կկազմեն 8 մլրդ դրամ: «Դա այնքան էլ մեծ գումար չէ, սակայն միտումն արդեն ակնհյատ է»,-ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ