1 նոյեմբերի 2011 - 21:55 AMT
Հրաժարականների համաճարակ. Հրաժարական տվող խոսնակը չի հաստատել փոխվարչապետի հրաժարականը

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում չի հաստատել Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին լուրերը: Ինչ վերաբերում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականին և այդ պաշտոնին Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակմանը, Աբրահամյանն ասել է, որ այդ հարցը Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի այսօրվա նիստում չի քննարկվել: Ընդ որում, նման զարգացման հնարավորության մասին հարցին նա ժպիտով նշել է, որ ոչինչ չի կարելի բացառել:

Լուրերն այն մասին, որ Գևորգյանը պատրաստվում է հրաժարական տալ, սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ հրաժարական տվեց ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Սակայն այդ լուրերն այսօր հերքվեցին Գևորգյանի մամլո քարտուղարի կողմից:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հրաժարական տվեց, ՀՀ Ոստիկանության նոր պետ նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: