2 նոյեմբերի 2011 - 12:08 AMT
Նարե Արղամանյանը ելույթ է ունենալու Ստրասբուրգի նվագախմբի հետ

Հայ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը նոյեմբերի 4-ին և 5-ին Ստրասբուրգում համատեղ համերգ է տալու Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպես հայտնում է նվագախմբի պաշտոնական կայքը, նրանք ներկայացնելու են Սեն-Սանսի դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 5 ֆա մաժոր կոնցերտը: Նվագախումբը ղեկավարելու է Վարշավայի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յացեկ Կասպշիկը:

Նարե Արղամանյանը ծնվել է 1989 թ-ին Վանաձորում: Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանում, աշակերտել է պրոֆ. Ալեքսանդր Գուրգենովին: 2004-ին ընդունվել է Վիեննայի University for Music and Performing Arts-ում Հայնց Մեջիմորեկի դասարանում: Նարե Արղամանյանը միջազգային մրցույթների դափնեկիր է. Շոպենի անվան երիտասարդական (Հարավսլավիա, 1997, 1-ին մրցանակ), Ուկրաինայի Երիտասարդ տաղանդներ (1998, 1-ին մրցանակ), Հայաստանի Ազգային ժառանգություն ( Եր-ան, 1999, Ոսկե մեդալ), Gina Bachauer International Junior Piano Competition (Սոլթ Լեյք Սիթի, 2000, 2-րդ մրցանակ), Josef Dichler Piano Competition (Վիեննա, 2005, 1-ին մրցանակ), Jose Roca International Competition (Վալենսիա, 2007, 2-րդ մրցանակ), Piano Campus International Competition (Պոնտոիզ, 2007, 1-ին մրցանակ), Montreal International Music Competition (Կանադա, 2008, 1-ին մրցանակ), Sparkasse Wortersee Competition (Վելդեն, Ավստրիա, 2009, 1-ին մրցանակ): Արժանացել է Կարայանի հիմնադրամի կրթաթոշակին: