3 նոյեմբերի 2011 - 16:00 AMT
ՊՆ-ում նույնիսկ չեն ցանկանում մեկնաբանել ասեկոսեները Սեյրան Օհանյանի հրաժարականի մասին

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ու ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականներից հետո հասարակության շրջանում լուրեր են շրջանառվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հնարավոր հրաժարականի մասին: Այդ առնչությամբ PanARMENIAN.Net-ը փորձել է պարզել, արդյոք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: «Ես ասեկոսեներ չեմ մեկնաբանում, դրանք ոչ մի կապ չունեն իրականության հետ»,-ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նա հիշեցրել է, որ նախարարը բազմիցս է հերքել ԶԼՄ-ներում հայտնվող հաղորդագրությունները իր հնարավոր հրաժարականի մասին:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Հրաժարական է տվել նաև ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: