3 նոյեմբերի 2011 - 16:55 AMT
Ավարտվեցին «Նոր անուններ» ռուսական հասարակական հիմնադրամի լսումները

Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են Ռուսաստանի «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի լսումների արդյունքները: Լսումներն իրականացվել են նոյեմբերի 1-3-ը, որին մասնակցել են քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի 25 դպրոցների 10-ից 18 տարեկան 25 պատանի երաժիշտներ: Մոսկվայի տանը կայացած եզրափակիչ համերգի և լսումների արդյունքում լավագույնը ճանաչված վեց մասնակիցներ պարգևատրվել են դիպլոմներով և միանվագ կրթաթոշակով, ինչը հնարավորություն կտա պատանի երաժիշտներին մեկնել ՌԴ և վարպետության դասեր ստանալ լավագույն մասնագետներից:

Կարևորելով ԱՊՀ երկրների միջև մշակութային հաղորդակցության անհրաժեշտությունը, Էդուարդ Բարզովը նշել է, որ հիմնադրամը շահագրգիռ է նմանատիպ միջոցառումների անցկացմամբ և, հնարավորության դեպքում, դրանք կկազմակերպվեն ավելի հաճախակի:

Լսումներն իրականացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության և Ռուսաստանի Դաշնության «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի հետ համատեղ: