8 նոյեմբերի 2011 - 18:51 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդուարդո Էռնեկյանին շատ են դուր եկել Սարկոզիի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին

Ռաուլ Վալենբերգի Հիմնադրամի պատվավոր նախագահ, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ինչպես նաև ֆոնդի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը նամակ են ուղղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին` ողջունելով նրա խոսքերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

«Արժե ընդգծել Ձեր առաջարկն այն մասին, որ Ֆրանսիայի խորհրդարանը կարող է դիտարկել օրինագիծ, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն կհամարվի, ինչպես նմանօրինակ օրենքը Հոլոքոստի վերաբերյալ»,- նշվում է նամակում:

Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են Վալենբերգի հիմնադրամի վերջին ակցիաները հայ ժողովրդի, նրա պատմության և ժառանգության առնչությամբ գիտակցման և հաշտեցման վերաբերյալ:

«Ռաուլ Վալենբերգի Միջազգային հիմնադրամի վարչությունը միաձայն հավանություն է տվել երկրորդ աշխարհամարտի տարիներին հետապնդվող հրեաների և այլոց օգնած քրիստոնյա-հերոս հայերին հարգանքին տուրք մատուցելու նախաձեռնությանը»,- նշվում է նամակում:

Վերջում հիմնադրամի ներկայացուցիչներն ընդգծել են, որ հիմնադրամը միշտ ջանում է դրական եզրակացություններ գտնել. «Մենք գտնում ենք, որ անգամ ամենաբարդ իրադրություններում պետք է բարձր պահել համերաշխության և արիության դրոշը»:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ կոլեկտիվ ժխտումն ավելի լուրջ է, քան անհատական ժխտումը: «Եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվա վերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան նաև այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում` կընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը»,- ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ