8 նոյեմբերի 2011 - 19:10 AMT
ՎԶԵԲ-ում գտնում են, որ Հայաստանում հասունացել է բանկային համակարգի միավորման ժամանակը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) գտնում են, որ Հայաստանում հասունացել է բանկային համակարգի միավորման ժամանակը: «Դա նորմալ գործընթաց է, որը բանկային համակարգը պետք է անցնի»,- նոյեմբերի 8-ին Երևանում հայտնել է ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Նրա խոսքով` տեղական բանկերը պետք է նոր գործիքների ներդրման հաշվին պատասխանեն ժամանակակից մարտահրավերներին, իրենց ծառայություններն առաջարկեն հասանելի գներով և լայն մասնաճյուղային ցանց ունենան, որպեսզի ներկայացված լինեն երկրի բոլոր մարզերում:

Միաժամանակ Վալերիու Ռազլոգն ընդգծել է, որ միավորումը չպետք է ուղղված լինի բանկային հատվածում մրցակցության դեմ, ինչպես նաև չպետք է թելադրվի կարգավորիչների կողմից: «Կոմբանկերը պետք է ինքնուրույն հանգեն միավորման գաղափարին, իսկ ՎԶԵԲ-ն պատրաստ է աջակցել բանկերին այդ ճանապարհին»,- հավելել է նա: