24 հուլիսի 2000 - 17:37 AMT
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈԹՅԱՆ ՊԱԿՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Կովկասի խաղաղության պակտի գաղափարը պատկանում է Թուրքիային, եւ Մեծ Բրիտանիան չի նախատեսում ստորագրել որեւիցե փաստաթղթեր այս համաձայնագրի վերաբերյալ, քանի որ նման փաստաթուղթը նախատեսում է տարածաշրջանային համագործակցություն»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոջեր Թոմասը:
«Իհարկե, Մեծ Բրիտանիան ցանկանում է տեսնել տարածաշրջանը կայուն եւ ժողովրդավարական: Սա է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, եւ մենք տարածաշրջանում ներդրումներ ենք կատարում այս քաղաքականության իրագործման նպատակով: Դա վերաբերում է Կենտրոնական Ասիայից մինչեւ Չինաստան ընկած տարածությանը: Դրանք ՏԱՍԻՍ, ԻՆՈԳԵՅԹ, ՏՐԱՍԵԿԱ նախագծեր կատարված ներդրումներն են: Այս բոլոր նախագծերը մշակվել են, որպեսզի վերնշված պետությունները ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը եւ դուրս գան միջազգային եւ եվրոպական շուկաներ», - ասել է բրիտանացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսին հայտարարել էր, որ աջակցում է Կովկասի կայունության պակտի ստեղծման գաղափարին, քանի որ այս տարածաշրջանը համարում է կարեւորագույներից մեկը աշխարհում:
Քաղաքական հետազոտությունների Բրյուսելի Եվրոպական կենտրոնի փորձագետներ Մայքլ Էմերսոնը եւ Սերժիու Չելակին օրերս այցելել էին Անդրկովկաս եւ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ քննարկել Կենտրոնի կողմից մշակված Պակտի նախագիծը: --0--