9 նոյեմբերի 2011 - 16:48 AMT
Նանսենի թոռը` Մարիտ Գրևն արժանացել է ՀՀ Հատուկ անձնագրի

Հայտնի նորվեգացի բևեռախույզ, հասարակական գործիչ, հայ ազգի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհին` Մարիտ Գրևն այսօր ստացել է Հայաստանի Հանրապետության Հատուկ անձնագիր (կարմիր գույնի): Այն հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել, որ Ֆրիտյոֆ Նանսենը հազարավոր հայերի այսպիսի անձնագրով աշխարհում իրենց տեղը գտնելու հնարավորություն է տվել: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում: Ես իմ պապիկին շատ չեմ հիշում, որովհետև երեխա էի, երբ նա մահացավ, սակայն նրա գրքերի միջոցով ես շատ բան իմացա Հայաստանի, ինչպես նաև հայ ազգի հանդեպ իմ պապի սիրո մասին», ասաց Գրևը: Նա նաև հույս հայտնեց, որ իր այս այցելությունը կօգնի ավելի մոտիկից ծանոթանալ հայ ազգի հետ և շնորհակալ է, որ հայերը իր ընտանիքի հիշողությունը այդքան վառ են պահում:

Մարիտ Գրևը ծնվել է 1928 թ-ին: Մասնագիտությամբ իրավաբան է, 20 տարի եղել է նորվեգական մեծ հանրագիտարանի խմբագիրը և Նանսենի մասին գրքի հեղինակ: Բերում քաղաքի քաղաքապետարանի խորհրդի անդամ է, Ակերշուսի շրջկենտրոնի խորհրդի անդամ, ինչպես նաև Նանսենի բևեռագնացության և բևեռախուզական նավերի հետազոտական կենտրոնի ղեկավարն է: