ԱՄՆ-ն կոչ է անում Սիրիայում բողոքի ակցիայի մասնակիցներին չօգտվել համաներման առաջարկից և չհանձնվել իշխանություններին: Դա հաստատեց չորեքշաբթի լրագրողների համար նախատեսված ճեպազրույցում ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մարկ Թոները:
«Պարզ ասած, մենք գտնում ենք, որ խելամիտ չի լինի, եթե ռեժիմի հակառակորդները հանձնվեն»,-հայտարարել է նա: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, չնայած այդ արտահայտություններին, նա պնդում է, որ ստեղծված իրավիճակը դիմակայություն չէ Վաշինգտոնի ու Դամասկոսի միջև: Ըստ Թոների, խոսքը գնում է «սեփական ժողովրդի դեմ Սիրիայի կառավարության գործողությունների մասին»: Թոները ափսոսանք է հայտնել, որ «Սիրիայի կառավարությունը շարունակում է բռնություն կիրառել ընդդիմության դեմ»:
Մինչդեռ, Սիրիայի ՆԳՆ-ն երկրորդ անգամ դիմել է «այն քաղաքացիներին, որոնք սխալմամբ են հարել ավազակային կազմավորումներին և ում ձեռքերը արյամբ ներկված չեն»՝ հորդորելով օգտվել նոյեմբերի 12-ի համաներմամբ և հանձնվել իշխանություններին: