10 նոյեմբերի 2011 - 19:10 AMT
Երևանում բացվեց «Գիսանե» թատերական փառատոնը

Այսօր` նոյեմբերի 10-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բացվեց «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը: Այն բացեց նախորդ փառատոնի հաղթող Գոհար Փոքրիկյանի «Անմահ Կաշչեյը» ներկայացումը: Բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Երիտասարդական ցանկացած ստեղծագործական նախագիծ մեզ համար ողջունելի է, իսկ «Գիսանեն» առավել ևս, քանի որ այս փառատոնը երիտասարդ թատերական գործիչներին դրսևորման, կայացման ու ճանաչման հրաշալի հնարավորություն է ընձեռում», ասում է Պողոսյանը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը իր հերթին նշեց, որ նման փառատոնի հիմնադրումով ստեղծվում է մի պլատֆորմ, որտեղ երիտասարդ ստեղծագործողները կատարելագործվում են:

Այս տարի փառատոնին մասնակցում է շուրջ 20 ներկայացում ողջ Հայաստանից: «Գիսանեն» հիմնադրվել է 2008 թ-ին, որպես ուսանողական փառատոն: 2010 թ-ին այն ընդմիջվել է: Փառատոնը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես նաև ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը: Փառատոնի տնօրենն է Հայկ Ավագյանը:

Փառատոնը շարունակվելու է մինչև նոյեմբերի 21-ը: