10 նոյեմբերի 2011 - 20:57 AMT
Թուրքերը մզկիթի են վերածել քրիստոնեական տաճարը, որտեղ 787թ. տեղի է ունեցել Տիեզերաժողովներից մեկը

Թուրքական Իզնիք քաղաքի սուրբ Սոֆիայի տաճարը իշխանությունների որոշմամբ վերածվել է մզկիթի, հաղորդում է blagovest-info.ru-ն։

Նիկեայում տեղի է ունեցել երկու Տիեզերաժողով՝ 325 և 787 թվականներին, ընդ որում՝ վերջինը տեղի է ունեցել հենց սուրբ Սոֆիայի տաճարում։

Սբ. Սոֆիայի հնագույն տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ թուրքական իշխանությունների որոշումն առաջ է բերել ոչ միայն քրիստոնյաների, այլև մի շարք փորձագետների քննադատությունը։ Մարմարայի համալսարանի արվեստի պատմաբան Սելչուք Մյուլաիմը մտավախություն է հայտնել, որ հաշվի առնելով տաճարի հսկայական նշանակությունը քրիստոնեության պատմության մեջ՝ դրա վերակազմակերպումը որպես մզկիթ վրդովմունքի ալիք կբարձրացնի ամբողջ աշխարհում։

Առաջին անգամ տաճարը որպես մզկիթ է օգտագործվել նոյեմբերի 6-ին, երբ տեղի մահմեդականները տոնում էին Քուրբան-Բայրամը։

Տաճարը կառուցվել է VI դարում Հուստինիանոս I կայսեր կողմից։ 1331 թվականին Նիկեան զավթելուց հետո թուրքերը եկեղեցին մզկիթի են վերածել։ 1922 թվականին այստեղ հրդեհ է բռնկվել, և միայն 2007 թվականին շենքը վերակառուցվել է և մեծ քանակությամբ քրիստոնյա ուխտագնացներ ու զբոսաշրջիկներ էր գրավում։