11 նոյեմբերի 2011 - 19:00 AMT
Մոլդովան «քաղաքական նկատառումներով» ընդհատում է Հայաստանին սպառազինության մատակարարումը

Մոլդովայի պաշտպանության նախարարությունն ընդհատում է Հայաստանին սպառազինության մատակարարումը։ «Համապատասխան պայմանագիրը դադարեցվել է և լուծարման փուլում է գտնվում»,- հայտնել է նախարարության մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժոսանը։ «Իրավաբանական տեսակետից խնդիր չկա, սակայն ելնելով քաղաքական նկատառումներից՝ որոշվել է դադարեցնել մատակարարումը»,- ասել է նա։

Ավելի վաղ մոլդավական ԶԼՄ-ները, հղում կատարելով Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցային, հաղորդել էին, որ Քիշնևը կշարունակի զենք մատակարարել Երևանին։

Հետագայում Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Հայաստանին զենք մատակարարելու պայմանագիրը լիովին կատարելու մտադրությունը, եթե դա հավանության արժանանար երկրի կառավարության կողմից։ «Գործարքն օրինական է և այդ հաշվով ոչ մի խնդիր չկա»,- ավելի վաղ ասել է Ժոսանը 1news.az-ին՝ հղում կատարելով նախարար Մարինուցայի հայտարարությանը։

Մոլդովայի պաշտպանության նախարարը պատգամավորներին կոչ էր արել հիմնվել իրավաբանական փաստաթղթերի վրա, որտեղ, Ժոսանի խոսքով, «նշվում է, որ Հայաստանին մոլդավական սպառազինության վաճառքի մասին գործարքը տեխնիկական տեսակետից կորեկտ է և չի հակասում ազգային մոլդավական և միջազգային օրենսդրությանը»։