14 նոյեմբերի 2011 - 15:34 AMT
Վաղը կմեկնարկի Բագրատունյաց Անի մայրաքաղաքի 1050-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

Վաղը՝ նոյեմբերի 15–ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում կմեկնարկի «Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական եւ քաղաքակրթական կենտրոն» միջազգային գիտաժողովը, տեղեկացնում են ԳԱԱ տեղեկատվական կենտրոնից։

Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի առաջատար գիտնականներ: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև նոյեմբերի 17-ը:

Գիտաժողովը կազմակերպվում է Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Անիի 1050-ամյակի առթիվ արդեն իսկ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով ստեղծվել է www.ani1050.sci.am կայքը: Կայքում տեղադրված են Անիի մասին արժանահիշատակ տեղեկություններ, պատմական ակնարկ, լուսանկարներ: Կայքում նաև կարելի է տեղեկատվություն ստանալ հոբելյանական միջոցառումների մասին: