Վաղը` նոյեմբերի 15-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու ռեժիսոր, գրող, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովի ստեղծագործական երեկոն: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Սմեխովը նշեց, որ նա ամենամեծ տեղը տալիս է պոեզիային, և դրա համար էլ նա ելույթ կունենա այդ ժանրում: Այս անգամ նա հայ հանդիսատեսին ներկայացնելու է Ալեքսանդր Պուշկինի, Իոսիֆ Բրոդսկու և Վլադիմիր Վիսոցսկու բանաստեղծությունները, որովհետև, ըստ նրա, վերը նշված հեղինակները ունիկալ արժեքներ են: Նա նաև հույս հայտնեց, որ այս տարվա իր հանդիսատեսը կլինի նույնքան ջերմ և հաճելի, որքան որ իր նախորդ այցելությունների ժամանակ:
Վենիամին Սմեխովը ծնվել է 1940 թ-ին Մոսկվայում: Խաղացել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանի, «Սովրեմեննիկ» և «Տագանկա» թատրոններում:
Նկարահանվել է մոտ 30 ֆիլմերում և ունի 5 տասնյակից ավելի դերեր թատրոնում: ԱՄՆ-ում դասավանդում է դերասանի վարպետություն: Ռուսաստանում և այլ երկրներում բեմադրում է դրամատիկական և օպերային ներկայացումներ: Դերասանին մեծ համբավ է բերել «Դարտանյանը և 3 հրացանակիրները» ֆիլմում մարմնավորած Ատոսի դերը:
Դերասանի այս այցը կայանում է «Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում: Պաշտոնական այցով Սմեխովը Հայաստան է եկել 2007 թ-ին` ռուս այլ արվեստագետների հետ ստեղծագործող հայ երիտասարդության հանդիպման շրջանակներում և 2008 թ-ին` « Ռուսական մշակույթի սեզոններ» ի մեկնարկային ծրագրով: