Ռուս հայտնի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովը հայ գրականությանը, մասնավորապես պոեզիային ծանոթացել է շատ ավելի շուտ, քան աշխարհի մյուս երկրների գրականությանը: Այդ մասին դերասանն ասաց Երևանում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Սմեխովը հայ բանաստեղծների ստեղծագործություններն արտասանել է սկսել, երբ թատերական խմբակներ էր հաճախում: «Ինձ համար շատ ցավալի էր, երբ խորհրդդային շրջանում հեռուստատեսությամբ դադարեցին ներկայացնել հայ բանաստեղծների ստեղծագործությունների ռուսական թարգմանությունները, որովհետև դրանք թարգմանել են այդ ժամանակ վատ համբավ ունեցող Պաստեռնակը, Ախմատովան, Մանդելշտամը», ասաց նա: Նա նաև պատմեց, որ ճակատագրական եղավ իր համար Լիսիցյան ընտանիքի հետ ծանոթությունը, ում միջոցով նա ծանոթացավ Չարենցի ստեղծագործությունների հետ: Դերասանը, երևանյան այս այցի ժամանակ, եղել է Չարենցի տուն-թանգարան և հիացմունք ապրել:
Վենիամին Սմեխովը ծնվել է 1940 թ-ին Մոսկվայում: Խաղացել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանի, «Սովրեմեննիկ» և «Տագանկա» թատրոններում:
Նկարահանվել է մոտ 30 ֆիլմերում և ունի 5 տասնյակից ավելի դերեր թատրոնում: ԱՄՆ-ում դասավանդում է դերասանի վարպետություն: Ռուսաստանում և այլ երկրներում բեմադրում է դրամատիկական և օպերային ներկայացումներ: Դերասանին մեծ համբավ է բերել «Դարտանյանը և 3 հրացանակիրները» ֆիլմում մարմնավորած Ատոսի դերը:
Դերասանի այս այցը կայանում է «Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում: Պաշտոնական այցով Սմեխովը Հայաստան է եկել 2007 թ-ին` ռուս այլ արվեստագետների հետ ստեղծագործող հայ երիտասարդության հանդիպման շրջանակներում և 2008 թ-ին` « Ռուսական մշակույթի սեզոններ»-ի մեկնարկային ծրագրով: